Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին քառյակն ունեցավ առաջին հանդիպումները: Չորսում էլ հաղթեցին հյուրերը: Հիմա սա օրինաչափությո՞ւն է, թե՞ զուգադիպություն` չքննարկենք: Լինում են, նման բաներ լինում են, թեպետ, մյուս կողմից, տանտերերն էլ երեկվա տղերքը չէին, որ ասես խաղից առաջ էին գնդակ ու ֆուտբոլի դաշտ տեսել, բայց որ չորս խաղում միացյալ չորսով նույնիսկ կես գնդակ չկարողացան խփել, սա արդեն լրջից էլ լուրջ բան է, ու սովորական անհաջողությամբ չես բացատրի: Ինչևէ: Գլուխ չցավեցնենք, անցնենք բուն գործին:
ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Բա ուրիշ էլ ի՞նչ ու ինչպե՞ս որակել եղածը, երբ չարչարվում, դուրս ես գալիս play-off ու միանգամից դեմ ես առնում համաշխարհային ֆուտբոլի «գազաններին»: Սակայն սա միայն «Մանչեստր Սիթիի» ու «Արսենալի» ողբերգությունը չէ: Սա նաև տարատեսակ վիվարոների «կլիենտուրա» դարձած այն մարդկանց ողբերգությունն է, ովքեր, երկրում նախնական կապիտալի կուտակման հրաշք առիթը բաց թողած ու հետին թվով իրենց ճարպիկ տղա երևակայելով, մի գլուխ մաշկվում են աղոտ այն հույսով, թե քիչ թե շատ խոշոր գործակցի հաշվին կարող են որոշակի կարողության տեր դառնալ, մտնել օլիգարխների «կրուգ»:
Զուր հույսեր: Սակայն սա էլ դեռ ոչինչ: Բայց այն, որ զուտ մարդասիրական նկատառումներով մարդկանց հորդորում ես քարը փեշից թափել, չգնալ խոտոր ճանապարհով, ու այսքանից հետո էլ չեն լսում, ի՞նչ կարող ես անել: Նման պարագայում թույլ մխիթարություն է մնում անգամ այն, որ այդ ոմանց խելքի բերելու նույն այդ հումանիզմի կողքին նաև դաստիարակչական նկատառումներով ինքդ ես խաղադրույք կատարում ու շահում, բայց դրանից քեզ համար որքա՞ն է տաք կամ պաղ, երբ սխալ կողմնորոշման պատճառով շրջապատդ խոր դեպրեսիայի մեջ է: Ասացեք խնդրեմ` ժանտախտի ժամանակ ի՞նչ խնջույքի մասին կարող է խոսք լինել:
«Բարսելոնը» հաղթեց «Սիթիին» (2:0), ու դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև որքան էլ կերակրվես սին հույսերով, որ նրա կամ գրեթե նրա նման հարձակման գիծ ունես (խփած գոլերի քանակով կատալոնյանից հետո Պելեգրինիի թիմը Եվրոպայում երկրորդն է), քիչ է: Նույն կերպ արդյունավետ պիտի լինեն կիսապաշտպանական, պաշտպանական օղակներդ, դարպասապահդ: Սակայն սա էլ դեռ ամենը չէ, խաղդ պիտի ունենա փիլիսոփայություն, իսկ սա այսօրվա մանչեստրյան ակումբի համար, գոնե օրվա դրությամբ, չնվաճված բարձունք է:
«Բարսելոն»-«Մանչեստր Սիթի» առճակատման հաշիվն արձանագրվեց և «Արսենալ»-«Բավարիա» դիմակայությունում (0:2), ու այստեղ էլ խաղի հաշիվը նույն տրամաբանական զարգացումների շրջանակում էր, և մի փորձեք արդարանալ` եթե չլիներ Վենգերի թիմից այդ հեռացումը… Բա գոլային հարձակումն այդպես կոպտորեն ընդհատելու համար ի՞նչ էիք ուզում` պաչեին, դնեին գլխների՞ն: Է, եղա՞վ: Հիմա ակնկալում եք, որ ասեմ` պատասխան խաղերում անգլիական ակումբներին մնում է միայն թուլանալ ու հաճույք ստանա՞լ: Հա՛: Հենց այդ էլ մնում է, որքան էլ երկու գնդակի տարբերությամբ պարտվելը որոշակի հույսերի տեղ թողնում է: Ինչ վերաբերում է թուլանալ ու հաճույք ստանալուն, ի միջի այլոց ասեմ, որ երբեմն շատ ավելի հաճույք ստացողը հենց այդ առավելագույն թուլացողն է լինում: Այնպես որ, որպես վերջին զգուշացում ու ասածի տրամաբանական ճիշտ եզրահանգում, խաղադրույք չանեք:
ՍՏՎԵՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ
Այո, այո, խոսքը վերաբերում է իսպանական «Աթլետիկոյին» ու ֆրանսիական ՊՍԺ-ին, որոնցից հնարավոր ամեն ինչ սպասեք Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում և միամտորեն մի խաբվեք, որ մասնավորապես մադրիդցիները միլանցիների հետ խաղում բավարարվեցին դարպասի մեկ անգամվա գրավումով: Խաղի 1:0 հաշիվը իրականում հանդիպման լղոզված կողմն էր, շպարը, դե էն, է՛լի, որ կնանիք քսում են դեմքներին` մարդկության միամիտ մասին թակարդը գցելու նպատակով:
Շատ ավելի համոզիչ եղավ փարիզյան ակումբի հաղթանակը «Բայերի» նկատմամբ: Համենայն դեպս, 4:0-ն սառը ցնցուղից շատ ավելի տպավորիչ է կյանքից (տվյալ դեպքում` պատասխան խաղից) վերջնականապես հուսահատվելու համար:
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ ելած մյուս թիմերը, ինչպես գիտեք, կազմել են հետևյալ զույգերը` «Զենիթ»-Դորտմունդի «Բորուսիա», «Օլիմպիակոս»-«Մանչեստր Յունայթեդ», «Գալաթասարայ»-«Չելսի», «Շալկե»-Մադրիդի «Ռեալ»: Այս հանդիպումները կայանալու են փետրվարի 25-ին ու 26-ին: Այդ ժամանակ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն արդեն ավարտված կլինեն, ու մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք շատ ավելի խոսելու ֆուտբոլից, որը կա և մնում է աշխարհում ամենամեծ տարածում ու ճանաչում գտած խաղը, ու սա ոչ միայն այն պատճառով, որ երկրագունդն էլ գնդակի պես համարյա կլոր է, այլև նրա, որ այլ կարգի «կայֆ» է, երբ բազմոցին ես քո ողջ ներկայությամբ, ու դեմդ վազում են տղերք, ովքեր աշխատավարձիդ հարյուր հազարապատիկն են վաստակում: Ասացեք խնդրեմ, սույնն ինչո՞վ պակաս առիթ է սեփական համեստ անձիդ առավելությունը տնեցիների աչքն ավելորդ անգամ խոթելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ